ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՍ ՃԱՀՃԻՑ»

«ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՍ ՃԱՀՃԻՑ»
18.06.2010 | 00:00

Թեև խորհրդարանական ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն օր օրի քաղաքական օրակարգն ավելի է «հարստանում» նախընտրական պատրաստություններով։ Փոխվում է ոչ միայն իշխանական ուժերի, այլև ընդդիմադիրների դիրքորոշումների գունապնակը։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, թերևս, միակ ուժն է, որը, կարծում է, թե ընտրություններով ոչինչ չի փոխվի, որ իշխանափոխության այդ մեխանիզմն իրեն սպառել է։ Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանեց նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ, ում հետ զրույցը չսահմանափակվեց միայն այս թեմայով։
-ՀԱԿ-ի անդամ, ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ձեր շարժման կոչին` ստեղծել այլընտրանքային խորհրդարան, թերահավատություն հայտնեց, թե դա կհաջողվի «Սարդարապատին», քանի որ այն չունի համապատասխան ներուժ։ Ըստ տիկին Սարգսյանի` միայն ՀԱԿ-ը կարող է նման նախաձեռնություններ կյանքի կոչել։ Բացի ՀԱԿ-ից, Հայաստանի ընդդիմադիր դաշտում մյուս ուժերը չունե՞ն բավարար ներուժ այս կամ այն նախաձեռնությունն իրագործելու համար։
-Կարծում եմ` այս վարչախմբից ազատվելու ցանկացած անկեղծ մղում, նպատակ պետք է ողջունել, ու եթե հնարավոր է` աջակցել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս նախաձեռնությունը կհաջողվի, թե ոչ, հարկ եմ համարում նշել, որ «Սարդարապատը», դասական իմաստով, չի կարելի համարել ընդդիմադիր ձևաչափ։ Այսօրվա գործող վարչախումբն է իր տրամաբանությամբ ընդդիմադիր մեր պատկերացրած համակարգին, որը փորձում ենք ստեղծել։ 2008-ի հայտնի դեպքերից հետո հասարակության մեջ հստակ տարանջատում եղավ. մի մասը ՀԱԿ-ի համակիրն է, մյուսը իշխանական բուրգն է, իսկ զգալի հատվածը ոչ այս, ոչ էլ այն ուժին է հարում։ Մեր տարբերությունը ՀԱԿ-ից այն է, որ ոչ միայն հայտնի ընդդիմադիրներ կան մեր շարքերում, այլև այն հսկայական բանակը, որը երկու բուրգերն էլ մերժում է։ Այսօրվա գործող բուրգում կան արհեստավարժ մարդիկ, որոնք ևս խիստ դեմ են այս գործողությունների տրամաբանությանը, սակայն դեռևս գլուխները կախ աշխատում են։ Չենք խուսափելու որոշ չինովնիկների հետ համագործակցելուց, որովհետև քաղաքական որոշումների հետ նրանք կապ չունեն ու չեն կեղտոտվել այս տարիներին։ «Սարդարապատի» գլխավոր խնդիրն այլընտրանքային պետական համակարգի ձևավորումն է, որը պետք է լինի ժողովրդի իշխանություն։ Առաջնային խնդիրը խորհրդարանի ձևավորումն է, իսկ թե ինչ քայլերով, դեռ փակագծերը չեմ բացի։ Այսօր շարժումը դեռևս հանձնաժողովներ է ձևավորում։
-Ինչո՞ւ եք հենց խորհրդարանի փոփոխությամբ սկսում համակարգի մաքրումը։ Իշխանական թևերից արդյո՞ք ամենախոցելին ու թույլն օրենսդիր մարմինն է։
-Մենք ուզում ենք մի համակարգ ձևավորել, որը ներկայացնի ժողովրդին, դառնա նրա իշխանությունը։ Իսկ սա, բնականաբար, պետք է իրագործվի այլընտրանքային խորհրդարանի միջոցով։ Այս գործընթացը միմիայն օրինական ճանապարհով է լինելու։ Այն նաև միջազգային իրավական առումով պետք է ճանաչելի լինի։
-Այս նախաձեռնության առնչությամբ ինչպիսի՞ն է ՀԱԿ-ի վերաբերմունքը։ Մյուսնե՞րն էլ կարծում են, որ ձեր ներուժը չի բավարարի։
-Կոնգրեսը ողջունողի դիրքում է։ Բազմիցս ասել եմ` ՀԱԿ-ը չենք համարում մեզ մրցակից ուժ։ Եթե որևէ մեկին հաջողվեց ինչ-որ նախաձեռնությամբ, դրական քայլերով ձերբազատվել այս ռեժիմից, մյուսները պարտավոր են օժանդակել նրան։ Ավելի շատ համագործակցություն եմ տեսնում, քան մրցակցություն։
-Օրերս ՀԱԿ-ՀՀՇ ներխոհանոցային մայրամուտները խաղաղ չէին։ Նախ` Խաչիկ Քոքոբելյանի հրաժարականը, հետո էլ` Արարատ Զուրաբյանի վստահության հարցը։ Այս ամենը բացատրվեց կոնգրեսի մարտավարության հետ ունեցած տարակարծությամբ։ Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի այսօրվա մարտավարությունը նման մարդկանց թիվը չի՞ ավելացնի։
-Չեմ ցանկանում Քոքոբելյանի հետ տեղի ունեցածը նույնացնել մինչ օրս առկա տարակարծությունների հետ։ Տարաձայնություններ կոնգրեսում կային ու այժմ էլ կան, քանի որ դրանք տրամաբանական են։ Այս շարժման գլխավոր խնդիրն էր մաքրել ավգյան ախոռները, ու սրա շուրջ էլ համախմբում եղավ։ Սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ուժերի տեսակետները տարբեր են։ Բազմակարծությունը շատ նորմալ է դիտվում։ Ընդդիմությունն այսօր պիտի ցույց տա, որ հանդուրժող է, ազատ խոսքի, կարծիքի ականջալուր է։ Պիտի փաստենք, որ այդ արժեքների կրողն ենք։
-Վերջերս քաղաքական գործիչներից մեկը, ՀԱԿ-ը դիտարկելով որպես տարբեր գաղափարախոսությունների միավորում, վստահեցրեց, որ հնարավոր չէ տարբեր գաղափարների տեր անձանց միջոցով հասնել նպատակին։ Համամի՞տ եք։
-Միշտ դեմ եմ եղել կուսակցական դաշինքներ ձևավորելուն։ Սա առնչվում է նաև ՀԱԿ-ին։ Այս մասին ժամանակին ասել եմ, սակայն չի ընդունվել։ Կուսակցությունների ու գործող քաղաքական դաշտի տրամաբանության շրջանակում չեն լուծումները։ Պետք է դուրս գալ այս ճահճից ու ելքեր փնտրել։ Այդ նպատակով էլ ստեղծվեց «Սարդարապատ» շարժումը։ Չնայած մեծ հաշվով հնարավոր է տարբեր ուժերի միավորում` սահմանադրական կարգը վերականգնելու օրակարգով։ Մեր շարժումը, այս իմաստով, ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց միավորում է։ Մեզ հետաքրքրում են որակապես կայացած մարդիկ, որովհետև օկուպացիոն ռեժիմից ազատվելու խնդիր ունենք, ու այստեղ դասական քաղաքական տրամաբանությունը չի գործում, քանի որ հակառակորդը դիմում է ճնշումների, վախի սերմանման։ «Սարդարապատում» կողք կողքի չեն լինելու ապազգային մտածողություն ունեցող և ազգայնամոլ մարդիկ։ Լինելու է համախմբում ընդհանուր գաղափարախոսության շուրջ։ Այս ձևով ավելի ամուր է լինելու առաջնորդող կորիզը։
-Փաստորեն, ներկայիս ընդդիմադիր դաշտի, այդ թվում նաև` խորհրդարանական ընդդիմության, գործողությունները չե՞ն գոհացնում Ձեզ։
-Եթե գոհացնեին, չէր ստեղծվի «Սարդարապատը»։ Կարծում ենք` ճիշտ ճանապարհը պիտի այստեղ որոնել` ճահճից դուրս։ Կրկնում եմ` լուծումը քաղաքական այս կեղծ դաշտում չէ։
-Ասել է` ՀԱ՞Կ-ն էլ է գնում լճացման։
-Նրանք հստակ գնում են արտահերթ կամ հերթական ընտրությունների, որին մենք խստիվ դեմ ենք։ Հերթական անգամ ժողովրդին տանում են մոլորության։ Հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցելն այս ռեժիմի օրոք նշանակում է նույն շրջանից դուրս չգալ` ժողովրդին կանչել փողոց, ուղարկել տուն ու այդպես շարունակ։ Ընտրությունների պատկերը կլինի այնպես, ինչպես վարչախումբը կորոշի։ Այո, իշխանությունը պիտի ձևավորվի ընտրություններով, բայց, նախ, պետք է ձերբազատվել գործող իշխանությունից։
-Դաշնակցությունը հայտարարել է նոր իշխանության ձևավորման մասին, որը կարծես համընկնում է ՀԱԿ-ի նպատակների հետ։ Չնայած ընդդիմադիրները համարում են, որ ՀՅԴ-ն այս ցանկության մեջ ազնիվ չէ, այդուհանդերձ, հնարավո՞ր է երկու ուժերի համագործակցությունը։
-ՀԱԿ-ին ու դաշնակցությանը երբեք չպետք է նույնացնել։ Ոչ միայն ես, այլև հասարակությունն էլ զգում է, որ ՀՅԴ-ն տակավին անկեղծ չէ։ Որոշ մարդկանց չեն թողում անգամ մի մոմ վառել փողոցում (հիշենք «Միացում» նախաձեռնությունը), այնինչ մեկ այլ ընդդիմադիր կոչում ունեցող ուժին թույլ են տալիս ունենալ հեռուստակայան։ Ինչպես կարող է այս ռեժիմի պայմաններում ընդդիմությունը հեռուստակայան ունենալ։ Սա տրամաբանությունից դուրս է։ ՀՅԴ-ն մեր ազգային արժեքներից մեկն է, որն այսօր շեղվել է իր առաքելությունից։ Որքան շուտ վերադառնա այդ առաքելությանը, այնքան ճիշտ կլինեն նրանց գործողությունները։ Քանի դեռ այսօր Հայաստանում գործող ՀՅԴ-ի ղեկավարությունը մարտի 1-ի ճշգրիտ գնահատականը չի տվել, բարոյապես իրավունք չունի քաղաքականությունում լինելու, ժողովրդի անունից ինչ-որ հայտարարություններ անելու։ Լռելով, ըստ երևույթին, դաշնակցությունը ժողովրդի վրա կրակելուն իր համաձայնությունն է տվել։ Սա նրանց համար աններելի է։
-Ինչո՞վ է պայմանավորված իշխանական և որոշ ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզչության վաղաժամ մեկնարկը։
-Նորմալ կհամարվեր, եթե առողջ մրցակցության պայմաններում այդ քարոզչությունը շուտ սկսվեր, սակայն այս քաղաքական դաշտում մրցակցությունը ձևական է ու վնասակար մեր ժողովրդի համար։ Մրցակցության արդյունքում ինչ էլ լինի, մեր ժողովրդի հույսերն ու նպատակները չեն արդարանալու։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ